10 հունիսի 2025 - 18:46 AMT
ԿԲ. Անշարժ գույքի գների աճը դանդաղում է

Հայաստանի անշարժ գույքի շուկայում նկատվել են գների բարձրացման տեմպի նվազման միտումներ։ Այդ մասին ասվում է ԿԲ հրապարակած տեղեկատվության մեջ։

Հիպոթեկային վարկերի տրամադրման ծավալները զգալիորեն մեծացել են հատկապես 2024 թվականի ավարտին։ Այս երևույթը պայմանավորված է եղել այն վարքագծային փոփոխությամբ, որով գնորդները շտապել են կատարել գնումներ՝ ի պատասխան Երևանում եկամտահարկի վերադարձի մեխանիզմի փուլային դադարեցման։ ԿԲ-ն տարբեր հրապարակումների ու մամուլի ասուլիսների միջոցով պարբերաբար ներկայացրել է գերտաքացման և դրանից բխող վարկային ռիսկերի կուտակման հնարավորության մասին, գրում է Panorama.am-ը։

Եկամտահարկի վերադարձի փուլային դադարեցման ու պահանջարկի հնարավոր հագեցման պայմաններում շուկայի ակտիվության հետագա թուլացումը համարվում է հավանական։

Վերջին տարիներին շինարարության ոլորտում թույլտվությունների և բնակարանաշինության աճի համադրումը անշարժ գույքի շուկայում պահանջարկի հագեցման ու նվազման միտումների հետ կարող է հանգեցնել առաջարկի ավելցուկի վտանգին։ Միևնույն ժամանակ, շինարարական վարկերի արագ աճը կարող է վկայել ոլորտի նախագծերի ֆինանսավորման կառուցվածքի փոփոխության, պարտքային բեռի և դրա հետևանք հանդիսացող վարկային ռիսկեր կուտակելու միտումների մասին։

Աշխարհում շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունն ու առևտրատնտեսական հակասությունները շարունակում են մնալ որպես հիմնական սպառնալիք գլոբալ տնտեսական աճի ու ֆինանսական կայունության համար։

Նախորդ տարիների խստացված դրամավարկային քաղաքականության ուշացած ազդեցության արդյունքում համաշխարհային գնաճը որոշ չափով մեղմվել է՝ տարբեր երկրներում հասնելով կամ մոտենալով ցանկալի մակարդակներին։ Այժմ, երբ աշխարհում աճել են անորոշությունները, տնտեսական աճի հետագա հեռանկարների վրա կախված ռիսկերը գնահավվում են որպես զգալի։ Այս համատեքստում գերակշռող են համարվում համաշխարհային տնտեսական թույլ աճի հնարավոր ռիսկերը՝ գերազանցելով բարձր գնաճի պահպանման վտանգը։ Նման ռիսկերի ի հայտ գալը կարող է բացասաբար ազդել ՀՀ-ի ներքին մակրոֆինանսական պայմանների վրա՝ ստեղծելով տնտեսական աճի դանդաղման, մասնավոր սեկտորի պարտքային բեռի ավելացման և դրանից բխող վարկային կորուստների մեծացման ռիսկեր։

Նշվում է, որ ՀՀ բանկային համակարգը շարունակում է գործել բարձր կապիտալիզացիայի և իրացվելիության պայմաններում։ Տարվա արդյունքում ոլորտում արձանագրվել է բարձր շահութաբերություն, ինչը պայմանավորված է զուտ տոկոսային եկամուտների աճով և վարկային կորուստների համեմատաբար ցածր մակարդակով։ Տոկոսային եկամուտների աճը հիմնականում բխել է բանկերի հաշվեկշռային փոփոխություններից, այդ թվում՝ սպառողական վարկերի ակտիվ աճից, վարկային պորտֆելի դրամայնացումից, ինչպես նաև ռեզիդենտների ավանդներում ցպահանջ միջոցների մասնաբաժնի աստիճանական մեծացումից։ Որոշ ազդեցություն է ունեցել նաև տոկոսադրույքների բարձր մակարդակը՝ պահպանված թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում։ Տնտեսության ընդլայնման և վարկային շուկայի ակտիվացման պայմաններում վարկային պորտֆելի որակը բարելավվել է։ Բայց միաժամանակ, որոշ վարկային ուղղություններում նկատվող ռիսկերի կուտակման հավանականությունը և ներկա անորոշությունների բարձր մակարդակը վարկային ռիսկը դարձնում են գերակա։

Մակրո սթրես թեստավորման արդյունքներն արձանագրում են բանկային համակարգի բարձր ունակությունը՝ դիմակայելու հնարավոր ռիսկերին։ Որպես ուղղորդիչ սցենար դիտարկվող զարգացումների պարագայում կապիտալի համարժեքության մակարդակը մնում է բարձր։ Իսկ ամենածայրահեղ՝ սթրեսային սցենարով ենթադրվող բացասական զարգացումների պարագայում, թեև վարկային և շուկայական ռիսկերից բխող կորուստները կտրուկ աճում են, բանկային համակարգը շարունակում է մնալ կապիտալով ապահովված՝ դիտարկվող ամբողջ ժամանակահատվածում։ Բացի այդ, բանկերի կապիտալի պաշարները բավական են, որպեսզի ապահովեն տնտեսության շարունակական վարկավորումը։ Այնուամենայնիվ, անորոշության բարձր մակարդակի պայմաններում դժվար է գնահատել ամենավատ սցենարի իրականացման հավանականությունը, դրա տևողությունն ու ազդեցության ծավալը։

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 1.75% մակարդակի վրա՝ սկսած 2025 թվականի մայիսի 1-ից։ 2024-ի ընթացքում ֆինանսական ցիկլի ինդեքսը բարձրացել է, իսկ վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությամբ չափվող բացասական ճեղքվածքը՝ զգալիորեն փոքրացել։ Այս ֆոնին ԿԲ-ի մակրոպրուդենցիալ որոշումները նպատակ են հետապնդել մեղմելու վարկային ակտիվության աճից բխող հնարավոր ռիսկերը։ Դրույքաչափի բարձրացման որոշման հիմքում ընկած են ինչպես բանկերի հաշվեկշիռներում արդեն առկա ռիսկերի գնահատականները, այնպես էլ բանկերի կապիտալի համալրման հնարավոր ծախսերը, սթրես թեստավորման արդյունքներն ու ԿՀԲ դրույքաչափի ազդեցությունը վարկավորման շարունակականության վրա։