10 հունիսի 2025 - 19:02 AMT
ԶԼՄ․ Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն կճանաչի Ռուսաստանի նոր տարածքները

Մոսկվայում ակնկալում են, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված նոր շրջանները, ինչպես նաև Ղրիմը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին է ասել է իրազեկ աղբյուրը։

Աղբյուրն այդ մասին խոսել է՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը։

«Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների հանդեպ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքի կապակցությամբ Մոսկվայում ակնկալում են, որ, հաշվի առնելով ՌԴ և Ադրբեջանի միջև դաշնակցային բնույթի հարաբերությունները, որոնք ամրագրված են բարձր մակարդակով՝ 2022 թ. փետրվարի 22-ի հռչակագրով, Բաքուն Ուկրաինայի շուրջ իրավիճակի նկատմամբ կզբաղեցնի ավելի հավասարակշռված դիրքորոշում, կճանաչի Ռուսաստանի մոտեցումների արդարացիությունը և կճանաչի Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի պատկանելությունը ՌԴ–ին»,–ասել է նա։

«Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», — հավելել է գործակալության զրուցակիցը։

Մեդինսկին, որը ղեկավարում է Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցություններում, ավելի վաղ RT-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե ուկրաինական հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծով և չհասնեն «իսկական խաղաղության», ապա տարածաշրջանը «կդառնա հսկայական Ղարաբաղ», հավելելով, որ դա «վիճելի տարածաշրջան էր Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Այս հայտարարությունը նյարդայնացրել է պաշտոնական Բաքվին` Ղարաբաղը որպես վիճելի տարածք ներկայացնելն այնտեղ «ափսոսանք և զարմանք է առաջացրել»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի վերաբերյալ պետք չէ մեկնաբանել համատեքստից կտրված, քանի որ Մեդինսկին խոսել է բացառապես պատմական ասպեկտի, սոցիոկուլտուրային առանձնահատկությունների մասին։