Հունիսի 10–ի ուշ երեկոյան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով մեկօրյա այցից հետո վերադարձավ ԱՄԷ-ից։
«Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարդիկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորել են ծափերով և «Վեհափառ» վանկարկումներով։Հայոց Հայրապետի առաջարկով հնչել է Տերունական աղոթքը, հայտնում է Panorama.am-ը։
Անդրադառնալով ավելի վաղ եկեղեցու հասցեին հնչած հայտարարություններին՝ կաթողիկոսը հայտարարել է, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությամբ ամեն ինչ ասված է, հայտնում է Sputnik Արմենիան։
«Վերջին օրերին վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Հավատում ենք, որ միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը»,– ասել է կաթողիկոսը։
Օդանավակայանից դուրս գալու ճանապարհին նա օրհնել է հավատացյալներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։