Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը նախաձեռնել է փորձնական, բայց նշանակալի ծրագիր՝ «Ամոքում վկայությունների միջոցով» անվամբ։ Ծրագրի հիմքում ընկած է մտադրությունը՝ աջակցել տեղահանված արցախցիներին՝ հնարավորություն տալով ներկայացնել իրենց ապրումները, հույսը դրած՝ ճշմարտության հաղորդման միջոցով հոգեկան ապաքինման վրա։
Նախաձեռնությունը նաև ուղղված է ապագայի հեռանկարի ձևավորմանը, ներառյալ Արցախի վերադարձի նախադրյալների քննարկումը, հայտնում է «Փաստինֆոն»։
Հունիսի 2-ին Երևանում կայացել է առաջին հանդիպումը Արցախից բռնի տեղահանվածների և նրանց վկայությունները լսող փաստագրող հանձնաժողովի հետ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀԱԵ ԱԹ առաջնորդՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով նախաձեռնած ծրագրի կարևորությունը, հայտնելով, որ ծրագիրը մարդասիրական և հոգևոր ու մշակութային է։ Այն չունի որևէ քաղաքական ազդեցություն և բովանդակություն։ Վկայությունները և զրույցների ձայնագրությունները կմնան գաղտնի և չեն հրապարակվի՝ առանց հեղինակների հստակ համաձայնության։
ԱԹ առաջնորդը երախտագիտություն է հայտնել հարցազրույցներին մասնակցած բոլոր անձանց և ներկայացրել հանձնաժողովի անդամներին՝ Կալիֆորնիայի դատավոր, ինչպես նաև Ճշմարտության և արդարության կենտրոնի հիմնադիր Գասիա Ակպարյանին ու իրավապաշտպան Ջոնաթան Սպանգենբերգին, ով հանդիսանում է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ։
Նա նշել է. «նրանք ընտրվել են իրենց բացառիկ փորձի, անկախության ու տուժած անձանց արժանապատվության նկատմամբ խոր հարգանքի համար։ Նրանց ներկայությունը երաշխիք է, որ մեր ձայնը հնչի արժանապատվորեն և պատշաճ ուշադրությամբ»։
Ծրագրի համակարգմանն աջակցող անձանց՝ Լուիս Մորենո Օկամպոյին և Արտակ Բեգլարյանին, եպիսկոպոս Աբրահամյանը նույնպես հայտնել է շնորհակալություն՝ նշելով, որ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ն ու «Աֆեյան» հիմնադրամը տրամադրում են կարևոր խորհրդատվություն, իսկ նրանց ներկայացուցիչները հետևում են նախաձեռնության ընթացքին։
Հանդիպման ժամանակ հանձնաժողովի անդամները՝ դատավոր Գասիա Ակպարյանն ու Ջոնաթան Սպանգենբերգը, թեմակալ առաջնորդի ուղեկցությամբ լսել են վկաների պատմությունները, ուղղել հարցեր և արտահայտել իրենց մոտեցումները՝ ներկայացնելով ծրագրի նկատմամբ ունեցած տեսլականը։ Նիստին մասնակցել են նաև դիտորդներ՝ Արտակ Բեգլարյանը, Թալար Կազանջյանը և Մարիա Աբրահամյանը։
Արցախի թեմի առաջնորդը շնորհակալություն է հայտնել «Բարս մեդիա»-ին՝ տեսագրման ապահովման համար, և «Շոա» հիմնադրամին՝ ցուցաբերված աջակցության համար։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։