11 հունիսի 2025 - 11:56 AMT
Թաթոյան․ Իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում ՀԱԵ նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, ինչպես նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Իշխանության ղեկավարը բացահայտ «հանցագործության կոչեր է անում ՀԱԵ նկատմամբ»։

Նա հավելել է, որ ստեղծում են կեղծ օրակարգեր ու շեղում մարդկանց իրական անվտանգային խնդիրներից։

«Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հավաքագրելով հանցակիցների։ Ստեղծում են կեղծ օրակարգեր ու շեղում մարդկանց իրական անվտանգային խնդիրներից:

Երկրի կառավարումը տապալած, հանրային համերաշխությունը խաթարած, ատելության ու բռնության կոչեր անող իշխանության ղեկավարը, ով նաեւ բացահայտ պրոպագանդում է ադրբեջանական ու թուրքական իշխանությունների թեզերը և պայքարում ազգային ինքնության դեմ, վաղուց դուրս է եկել իր լիազորություններից: Հասարակությունը նպատակային պահում է քաոսի և լարվածության մեջ, ռադիկալացնում և բևեռացնում, որպեսզի մանիպուլիացիաների հարցում հաջողեն: Սրանք արդեն քրեական պատժի ենթակա արարքներ են»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։