«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկել է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին։ Այդ մասին ասվում է միավորման հայտարարության մեջ։
Միավորումը նախաձեռնել է հերթապահություն` Մայր Աթոռի տարածքում հնարավոր սադրանքների դեպքում վաղ նախազգուշացման և կանխարգելման գործողություններ իրականացնելու նպատակով
«Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու նվիրապետական կարգը կազմաքանդելուն ուղղված գործողությունները ոչ միայն տապալում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, այլև ոտնահարում են Հայաստանում և Սփյուռքում ապրող միլիոնավոր հայերի կրոնական հիմնարար ազատությունները, վիրավորում նրանց կրոնական զգացմունքները։ Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու ՀԱԵ նվիրապետական կարգը փոխելու նախաձեռնությամբ․ դա մարդու իրավունքների, խղճի ազատության զանգվածային խախտում է, հանցագործություն։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, Փաշինյանի հնչեցրած կոչերի մեջ տեսնելով Մայր Աթոռի հանդեպ սադրանքների, բռնության դրսևորումների ռիսկեր, նախաձեռնել է հերթապահություն` Մայր Աթոռի տարածքում հնարավոր սադրանքների դեպքում վաղ նախազգուշացման և կանխարգելման գործողություններ իրականացնելու նպատակով։
•Իսկ Հայոց Եկեղեցին և նրա միլիոնավոր հետևորդների օրինական իրավունքներն ու կրոնական ազատությունները պաշտպանելու համար անհրաժեշտ է հանրային մեծամասշտաբ ու բազմակողմ գործունեություն։
Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով՝ ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց Եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց Եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները»,–ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։