Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար։
Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ առաջարկն ընդունել է, քանի որ չի կարողացել մի կողմից խոսել պետական կառույցների կարևորության մասին, իսկ մյուս կողմից՝ չմասնակցել դրանց աշխատանքին, հայտնում է Panorama.am-ը։
«Իմ ունակությունների, կարողությունների շրջանակներոմ, կանգնած եմ լինելու պետականության կողքին»,- ասել է Իսկանդարյանը։
Նա ներկայացրել է բնակարանային ծրագրի բարեփոխված տարբերակը։
Նշվել է, որ գրացված գլխավոր արդյուքն այն է, որ բնակարանային ծրագրի բարեփոխված տարբերակով ևս 158 բնակավայր ներգրավված է լինելու 4 միլիոնանոց գոտու մեջ։ Նաև բռնի տեղահանված արցախցիներին փոխհատուցվող մեկ շնչին հասնող 3 մլն գումարի չափը հնարավոր է եղել դարձնել 4 մլն դրամ, հայտնում է Aysor.am-ը։
Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերը ևս ներառվել են այդ 4 միլիոնանոց գոտու մեջ։
Նշվել է, որ բնականային ծրագրի շրջանակներում նաև այն ընտանիքներին, որոնք ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, թույլտվություն լինելու է՝ կառավարության կողմից վերահսկողությամբ․ «Այսինքն՝ այդ սերտիֆիկատներով կարող են կառուցապատում սկսել»։
Բացի այդ, հիփոթեքի հետ կապված նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում վճարումները կատարել 10 տարի ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է 20 տարի ժամկետով։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։