11 հունիսի 2025 - 13:56 AMT
Սիմոնյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ խոսել է գերիների ու անհետ կորածների մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ` շնորհակալություն հայտնելով նրան Հայաստան այցելելու համար։

Սիմոնյանը ներկայացրել է նաև Ադրբեջանում պահվող գերիների, անօրինական կերպով պահվող անձանց և անհետ կորածների հետ կապված խնդիրը՝ ընդգծելով դրանց կարևորությունը։

Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վրա, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին ու տարածաշրջանային կայունության խնդիրներին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։