11 հունիսի 2025 - 14:29 AMT
Սյունիքի մարզպետ․ Կրակոցների ձայներ միայն գիշերն են լսվում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ Սյունիքի մարզում մերթընդմերթ կրակոցների ձայներ են լսվում, սակայն բացառապես գիշերային ժամերին։

«Բայց թե խուճապ տարածելու բուն նպատակը որն է՝ դժվար կլինի պատասխանել, կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ գիշերային ժամերին կրակոցները լսելի են՝ միանշանակ է, բայց նպատակները կարող են խիստ տարբեր լինել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Սյունիքի մարզպետը նշել է, որ մայիսի 30–ից հետո ադրբեջանական կողմից արձակվող կրակոցները հիմնականում կարճատև են լինում։ Ղուկասյանի խոսքով` դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարում, քանի որ արձանագրվում են բացառապես գիշերը։

Ռոբերտ Ղուկասյանը վստահեցրել է, որ Սյունիքի մարզում կյանքն ընթանում է բնականոն հունով, արտագաղթի տրամադրություններ չկան։

Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

Մայիսի 29–ի գիշերը՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում նույնպես Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասաց, որ հայկական կողմն ադրբեջանցիներից պարզաբանում է պահանջել, նրանք հրաժարվել են, որ իրենք են արել դա։