11 հունիսի 2025 - 14:38 AMT
Հայաստանում անպտղության ցուցանիշը 18.2 տոկոս է

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացրել է «Աշխարհի բնակչությունը 2025» վերնագրով զեկույցը, որն այս տարի կենտրոնացել է ծնելիության համաշխարհային ճգնաժամի վրա։ Զեկույցում շեշտադրվել է, որ աշխարհում ծնելիության մակարդակը նվազել է։ Ուսումնասիրությունն անցկացվել է 14 երկրում, որոնք միասին կազմում են աշխարհի բնակչության մոտ 37 տոկոսը։

Զեկույցում հավելյալ տվյալներ կան նաև Հայաստանի վերաբերյալ: Անպտղության ցուցանիշը Հայաստանում 18.2% է, որից առաջնային՝ 2.7%, երկրորդային (կանխարգելելի) 15.5% (ՄԱԲՀ), հայտնում է Արմենպրեսը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տեղեկատվությամբ՝ առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացել է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։ 2018-ից 2023 թվականների ընթացքում Հայաստանում որոշակի աճ է գրանցվել մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակում՝ ծնելիության գործակիցը հասել է 1.9-ի։

Այնուամենայնիվ, Հայաստանի տնային տնտեսությունների ավելի քան 60 տոկոսը զուրկ է երեխայից։ Մոտ 16 տոկոսն ունի երկու երեխա, մոտ 15 տոկոսը՝ մեկ երեխա։ Երեք և ավելի երեխաներ ունի մոտ 7 տոկոսը (ՀՀ ՎԿ)։

Նշվում է նաև, որ հայկական ընտանիքներում ամենից հաճախ ցանկություն է հայտնվում ունենալ երեք երեխա։

Երեխաների նախընտրելի թվաքանակի հիմնավորումներում առավել տարածված են եղել հետևյալ պատճառաբանությունները․ Շատ երեխաներ ունենալը ապահովում է ընտանիքի կայունությունը (27.3%), նպաստում է ավելի լավ կազմակերպել դաստիարակության գործընթացը (15.7%), համահունչ է հայկական միջավայրում ընդունված մշակույթին (12.0%), պայմանավորված է ժամանակի պահանջներով (9.7%), ինչպես նաև՝ նման օրինաչափություն եղել է ծնողական ընտանիքում, և ցանկություն կա շարունակել այդ ավանդույթը (6.0%) (ՄԱԲՀ)։