11 հունիսի 2025 - 15:02 AMT
Մերձավանում սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. 14 մեղադրյալ կա

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի անջատված մասի նախաքննության արդյունքում կալանավորվել է Մերձավանի սպանությանը մասնակից համարվող անձը։

Նախաքննական տվյալներով՝ Ա.Ղ.-ն ապօրինի կերպով իր մոտ պահել է ռազմամթերք հանդիսացող ինքնաձիգ՝ լիցքավորված առնվազն յոթ փամփուշտով, որից կրակոցներ է արձակել Մերձավանի ծեծկռտուքի մասնակիցներից երկուսի ուղղությամբ՝ սպանելով Գ.Օ.-ին և փորձելով սպանել Ս.Բ.-ին:

Նույն ժամանակահատվածում Ա.Ղ.-ն մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ:

Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ա.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել և հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: