11 հունիսի 2025 - 15:42 AMT
Երևանում Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին նվիրված «Սիրո կամուրջ» միջոցառում կանցկացվի

Հուլիսի 4-ին ժամը 19:30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին: Այն կանցկացվի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Այս հուշ երեկոն, որը կընթանա բացառիկ տեսաշարերի, նշանակալի արվեստագիտական պահերի և երաժշտական կատարումների ուղեկցությամբ, կվերածվի զգացմունքներով լի խորհրդանշական ճամփորդության՝ արտացոլելով հայ-վրացական թատերական և կինեմատոգրաֆիական ժառանգությունը և հաստատված մշակութային կապերի խորությունը։

Միջոցառմանը ելույթ կունենան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերձիթելին, ճանաչված վրացական «Թատերական քառյակը», Դավիթ Մազանաշվիլու երաժշտական խումբը, ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնների դերասանական կազմերը։

Երեկոն կվարեն Արաքսյա Մելիքյանը Հայաստանից և Նիկոլոզ Ծուլուկիձեն Վրաստանից։

Միջոցառումը կյանքի է կոչվում հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակում և նվիրված է Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին։