1 հունիսի 2009 - 20:54 AMT
Հայաստանում ամփոփել են Եվրոպայի Խորհրդի 60-ամյակին նվիրված մրցույթի արդյունքները
Եվրոպայի Խորհրդի 60-ամյակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել էր «Ինչպիսի՞ն ես պատկերացնում Եվրոպայի քաղաքացուն ապագայում» թեմայով շարադրությունների մրցույթ:

Մրցույթի հաղթողներին այսօր շնորհավորել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Եվրախորհուրդը որպես քաղաքական ինստիտուտ ամրապնդում է իր դիրքերը Հայաստանում: Կրթության եւ գիտության ոլորտում մեր երկիրն այսօր եվրաինտեգրման ճանապարհն է բռնել: Այս մրցույթը նպաստում է քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Դուք պետք է հպարտանաք նրանով, որ ՀՀ քաղաքացիներ եք»,- հայտարարել է նա:

Տարիքային երեք խմբերում հաղթող են ճանաչվել Երեւանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ուսանող Արծրուն Խանջյանը, Աբովյան քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտուհի Անահիտ Հովհաննիսյանը, Վարդենիս քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտուհի Մարիետա Գեւորգյանը, իսկ հանձնաժողովի հատուկ մրցանակի են արժանացել երկու մասնակիցներ` Մենուա Սահակյանը եւ Կարեն Գրիգորյանը: Հաղթողը հրավիրվելու է Ստրասբուրգ` Եվրոպայի Խորհրդի 60-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար: