Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4–ի։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել տղամարդու դի։
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ասել է, որ տղամարդը մոտ 60 տարեկան է։ Այս պահին շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները 5-րդ անհետ կորած տղամարդուն գտնելու ուղղությամբ, հայտնում է Aysor.am-ը։
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
Քննչական կոմիտեն հայտնել է, որ ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք»:
Նախաքննական փուլում կատարվել են անհետաձգելի քննչական միջոցառումներ։ Պայթյունից պատճառված վնասի հետևանքով մահացել են 3 քաղաքացի, իսկ 7 չափահաս և 4 անչափահաս վիրավորներ տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Քննության շրջանակում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, այդ թվում՝ դիակաբժշկական փորձաքննություններ։
Փրկարարական ծառայության մասնագետներն ու դեպքը քննող քննչական խմբի քննիչները շարունակում են որոնողափրկարարական գործողությունները։
Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղի ունեցած պայթյունը եղել է գազի արտահոսքի պատճառով, ինչի հետևանքով փլուզվել են շենքի 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանները, ինչպես նաև մասնակի վնասվել են հարևան մուտքի բնակարանները։