11 հունիսի 2025 - 16:09 AMT
Արշակյան․ Հնդկաստանն առաջարկում էր 40,000 ուսանող ուղարկել Հայաստան

Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Նա նշել է, որ Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը համապատասխան առաջարկ է ներկայացրել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների քննարկման ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ես, անկեղծ ասած, զարմացած էի։ Քանզի մենք այդպիսի կարողություններ չունենք` 40 հազար ուսանող ընդունել։ Հենց այդ պատճառով էլ չափազանց կարևոր է ունենալ այդ կարողությունը, երբ խոսքը նման խոշոր երկրի հետ համագործակցության մասին է», – նշել է Արշակյանը։

Արշակյանը նաև ընդգծել է, որ այս հնարավորությունը սերտորեն կապված է ՀայաստանումԱկադեմիական քաղաք կառուցելու ծրագրի հետ, որը միտված է կրթական ենթակառուցվածքների ընդլայնմանը։

«Արդեն 3 հազար ուսանող Հնդկաստանից Հայաստանում սովորում է։ Նրանք կարող են լինել 30 հազար, 60 հազար, եթե այդ կարողությունն ունենանք։ Նրանք ցանկանում են կրթվել Հայաստանում», – ընդգծել է ԱԺ փոխխոսնակը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը և Հնդկաստանը շարունակում են խորացնել համագործակցությունը մի շարք այլ ոլորտներում։

ՀՀ կառավարությունն աշխատում է «Ակադեմիական քաղաքի» ստեղծման վրա, որի նպատակը բուհերն ու գիտական կենտրոնները մեկ միասնական տարածքում միավորելն է։ Նախագծով նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքը տեղակայել Երևանի 17-րդ թաղամասում և նախկին «Հայֆիլմի» տարածքում։ Այն կներառի երկաթուղային կայարան և տրամվայի առանձին գծեր։ Սկզբնական փուլում, երկաթուղային հանգույցից բացի, կկառուցվեն մարզադաշտ և համերգասրահ՝ բազմաֆունկցիոնալ նպատակներով։