Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն ակնկալում է, որ Ադրբեջանը և Հայաստանը հասկանում են Մոսկվայի անհանգստությունը ՆԱՏՕ-ի ակտիվության վերաբերյալ Հարավային Կովկասում և գիտակցում են այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից «ագրեսիվ ռազմական բլոկ» որակված կառույցի հետ, համագործակցության խորացման հետևանքով։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության համար ոչ մի լավ բան չի բերում, գրում է ՏԱՍՍ–ը։
«Ընդհակառակը, ինչպես մենք հիանալի հասկանում ենք, արևմտյան երկրների հիմնական նպատակը տարածաշրջանը ապակայունացնելն է, հակասություններ սերմանելը, նոր լարվածության օջախներ ստեղծելը։
Հուսով ենք, որ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում միևնույն կերպ կհասկանան ինչպես մեր հիմնավորված մտահոգությունը, այնպես էլ լիարժեք կգնահատեն ագրեսիվ ռազմական բլոկերի հետ համագործակցության խորացման ռիսկերը», – ընդգծել է Զախարովան։
Միևնույն ժամանակ, ՌԴ–ում կարծես անտեսում են, որ Բաքվի ամենասերտ ռազմական գործընկերը Թուրքիան է, որը ՆԱՏՕ–ի անդամ է։