Երևանի Մետրոպոլիտենի նոր «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի համալիր փորձաքննությունը հաջողությամբ ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է կազմակերպել շինարարության մրցույթը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։ Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
«Նախագիծը, որը, թերևս, Հայաստանի նորանկախ պատմության ամենաբարդ ծրագրերից մեկն է, անցել է համալիր փորձաքննություն։ Դրա վրա մոտ 7 ամիս է ծախսվել։ Մնում է շինարարության մրցույթի ու ֆինանսավորման կազմակերպումը»,-ընդգծել է Ավինյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա նշել է, որ արդեն ավելի քան չորս տասնամյակ պետությունն այս մակարդակի նախագիծ մետրոյում չի իրականացրել, ինչի հետևանքով կարողությունների կորուստը զգալիորեն դժվարացրել է աշխատանքները։
«Եթե նմանատիպ պրոցեսները երկար դադարների մեջ են հայտնվում, հետո պետք է այդ կարողությունները վերականգնել։ Վստահ եմ՝ մենք կառուցելու ենք այդ կայարանը»,– շեշտել է քաղաքապետը։
Նա նաև հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է տեխնիկական հսկողության մրցույթ անցկացնել։
Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի՝ «Աջափնյակի» նախագիծը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն։ Առաջիկայում նախատեսվում է՝ ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ, շինարարության մրցույթի նախապատրաստում։
2024–ի մարտին հայտարարվել էր, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթն ավարտվել է, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ: Հայտարարվել էր, որ նախատեսվում է շինաշխատանքները սկսել 2024–ին։