11 հունիսի 2025 - 18:16 AMT
Տավուշի մարզպետ. Սահմանազատման վերաբերյալ այս պահին որևէ գործընթաց չկա

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ իր ունեցած տվյալներով այս պահին որևէ գործընթաց չի ընթանում, որը վերաբերում է սահմանազատմանը։

Մարզպետը նշեց, որ կողմ է այն տեսակետին, թե Տավուշի մարզի սահմանազատված հատվածը ՀՀ-ի ամենաապահով հատվածն է, հայտնում է 1lurer.am-ը։

Ինչ վերաբերում է սահմանազատված հատվածներում բնակիչների մտահոգություններին, ապա մարզպետը նշել է. «2024 թվականից սկսած՝ սահմանազատման պրոցեսի սկզբից, իհարկե, որոշակի անհանգստություն կար, որը նաև ուղղորդված էր որոշակի քաղաքական շրջանակների կողմից, բայց այս պահին որևէ անհանգստություն չկա»:

Լրագրողի դիտարկմանը, թե ընտանիքներ կան, որ լքել են Կիրանցը սահմանազատման գործընթացի պատճառով, Ղալումյանը հակադարձել է՝ ասելով, որ նման բան չկա։

«Նման բան չկա: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ Կիրանց գյուղից ոչ մի մարդ դուրս չի եկել: Այսօր Կիրանց գյուղում 16 միլիոնի բնակարանաշինության ծրագրով 50 նոր բնակարան է կառուցվում»,–ասել է նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը արձագանքել է ԶԼՄ-ներից մեկում հրապարակված սահմանազատման վերաբերյալ նյութին՝ այն անվանելով «ամբողջապես սուտ»։ Նշվում է, որ սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակում:

«Hraparak կայքում հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հայտարարության մեջ։