11 հունիսի 2025 - 18:21 AMT
Ղալումյան․ Կիրանցում սահմանազատումից հետո տրվել է 55 շինթույլտվություն

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո՝ «բ»Կիրանց գյուղում«/բ» իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում տրամադրվել է 40 շինթույլտվություն։ Այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։

«Մենք գիտենք, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացից հետո որոշակի արտոնություն տրվեց 4 գյուղի՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս և Բերքաբեր գյուղերին։ Եթե չեմ սխալվում՝ Կիրանցին և Բերքաբերին տրվեց 40-40 տուն կառուցելու թույլտվություն, 50-50 Բաղանիս և Ոսկեպար գյուղերին։ Այսօրվա իմ ունեցած տեղեկատվությամբ Կիրանցում տրվել է 55 շինթույլտվություն՝ հինը միասին, այսինքն՝ 40+15 շինթույլտվություն է եղել»,-ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։

Նրա խոսքով՝ 16 միլիոն դրամի շինարարական աջակցությամբ Տավուշի մարզում ընդհանուր առմամբ տրվել է 1373 շինթույլտվություն, ինչը համապետական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։

Ղալումյանը հավելել է, որ արդեն դիմել է կառավարությանը՝ առաջարկելով ծրագրի վերաբացում՝ որոշակի սահմանափակումներով, որպեսզի այն կարողանա կրկին գործարկվել։ Նա հիշեցրել է, որ այս ծրագիրը դադարեցվել է Հայաստանի մի շարք սահմանամերձ բնակավայրերում՝ բազմաթիվ ներկայացված հայտերի պատճառով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը արձագանքել էր ԶԼՄ-ներից մեկում հրապարակված սահմանազատման վերաբերյալ նյութին՝ այն անվանելով «ամբողջապես սուտ»։ Նշվում է, որ սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակում:

«Hraparak կայքում հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հայտարարության մեջ։