11 հունիսի 2025 - 18:30 AMT
Նախարար․ Ջրծաղիկի պատվաստանյութերի օգտագործման մասով որևէ հապաղում չունենք

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ ջրծաղիկի պատվաստանյութերի օգտագործման մասով որևէ հապաղում չկա։

«Քաղաքացիների կողմից բավականին լավ ընկալվում է, և չունենք ջրծաղիկի պատվաստանյութերի օգտագործման մասով որևէ հապաղում: Առաջիկայում կվերանայենք նաև շրջանակները, թե ում համար է ազգային ծրագիրը հասանելի»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Ավանեսյանը հավելել է նաև, որ 2024-ին պատվաստանյութերի տարբեր տեսակների ծավալներն աճել են։ Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ ըստ նախնական պլանի, ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը պետք է սկսվեր 2024-ի դեկտեմբերին։ Թեև մատակարարման հարցում որոշ հետաձգում է գրանցվել, սակայն 2025-ի հունվարի վերջից արդեն գործընթացը մեկնարկել է։

Նա նշել է, որ 2024 թվականին գրանցվել է օրգանների փոխպաստվաստման 26 դեպք, մինչդեռ կանխատեսված թիվը կազմել է 24, իսկ ոսկրածուծի պատվաստումների դեպքերը հասել են 57-ի՝ նախատեսված 56-ի փոխարեն։

Նախարարի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ պետությունը տարեցտարի մեծացրել է այս թանկարժեք, սակայն կյանք փրկող ծրագրերի հասանելիությունը քաղաքացիների համար։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ սկզբնական փուլում պատվաստումները նախատեսված են 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց համար։ 2027 թվականից գործընթացը կիրականացվի ըստ ազգային պատվաստումների օրացույցի՝ 1 տարեկանների (առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (երկրորդ դեղաչափ) համար՝ ինչպես կիրառվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում։