11 հունիսի 2025 - 18:41 AMT
Ճամբարակում պայթյունից տուժածներից 2–ը դուրս է գրվել․ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ճամբարակում է՝ տեղում գնահատելու պայթյունի հետևանքները։

Լրագրողների հետ զրույցում նախարարը վերահաստատել է, որ դեպքի արդյունքում այս պահի դրությամբ արձանագրվել է 4 զոհ, իսկ մեկ անձի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Տուժած 12 քաղաքացուց երկուսն արդեն դուրս է գրվել բուժհաստատություններից, իսկ մնացածի կյանքին, ինչպես վստահեցրել է նախարարը, վտանգ չի սպառնում։

Նախարարը նշեց, որ նյութական վնասն առաջիկայում կգնահատվի, հայտնում է Aysor.am-ը։

«Հիմա Գեղարքունքիի մարզպետարանի աշխատակազմի գործընկերները գնահատում են իրավիճակը, որից հետո կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ մեղմելու հետևանքները։ Ցավոք, այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել։ Կառավարությունը պատշաճ արձագանքում է»,-ասել է նա։

Նախարարը հավելել է, որ տարհանված քաղաքացիները չեն մնա առանց կացարանի և կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Նրա խոսքով՝ արդեն իսկ կատարվել է տեղի հյուրանոցների և հյուրատների գույքագրում՝ ապահովելու, որ անհրաժեշտության դեպքում կեցության կարիք ունեցող բոլոր քաղաքացիները տեղավորվեն հարմարավետ միջավայրում։

«Գույքագրվել են տարածքում առկա հյուրանոցներն ու հյուրատները, բնակիչները, որոնք կարիք կունենան կեցավայրի՝ անպայման կստանան կեցության համար անհարժետ բոլոր պայմաները։ Ուզում եմ վստահեցնել անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է՝ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան, հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին»,-ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ տեղի ունեցած պայթյունը եղել է գազի արտահոսքի պատճառով, ինչի հետևանքով փլուզվել են շենքի 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանները, ինչպես նաև մասնակի վնասվել են հարևան մուտքի բնակարանները։