Եվրամիության հետ Հայաստանի առևտուրը, երկարատև նվազումից հետո, սկսել է վերականգնման միտում ցուցադրել, մինչդեռ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրաշրջանառությունն՝ անցյալ երեք տարիներին գրանցած աճից հետո, զգալիորեն կրճատվել է, հայտնում է CivilNet-ը։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6․28 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 52․9 տոկոսով։ Այս կրճատումը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ առևտրային հոսքերի նվազմամբ։
Նշված ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը կազմել է 2․42 միլիարդ դոլար՝ նվազելով 60․3 տոկոսով, իսկ ներմուծման ծավալը հասել է 3․86 միլիարդ դոլարի՝ գրանցելով 46․5 տոկոս անկում։ Արդյունքում՝ առևտրային բացասական հաշվեկշիռը 2025-ի առաջին չորս ամիսներին կազմել է 1․44 միլիարդ դոլար։
Այս թվերը կտրուկ տարբերվում են 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներից, երբ արտաքին առևտուրն աճել էր 2․4 անգամ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ այս անկման հիմնական պատճառն արտահանման կառուցվածքային փոփոխություններն են։
Ամենախոշոր տեղաշարժը գրանցվել է ԵԱՏՄ-ի հետ փոխանակման ոլորտում։ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 61․5 տոկոսով՝ կազմելով 2․3 միլիարդ դոլար։ Այս միության տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր առևտրում 2025-ի հունվար-ապրիլին նվազել է 44․8 տոկոսից մինչև 36․6 տոկոս։
Մասնավորապես, Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ առևտուրը նվազել է 62․5 տոկոսով՝ հասնելով 2․2 միլիարդ դոլարի։ Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում նվազել է 44․1 տոկոսից մինչև 35․1 տոկոս։
Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրների հետ առևտրային հարաբերություններում արձանագրվել է դրական միտում։ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունն աճել է 4․8 տոկոսով՝ հասնելով 729․3 միլիոն դոլարի։ Եվրամիության տեսակարար կշիռը Հայաստանի առևտրում աճել է 5․2 տոկոսից՝ հասնելով 11․6 տոկոսի։ Այս աճը պայմանավորված է ոչ թե ԵՄ-ի հետ առևտրային ակտիվության կտրուկ բարձրացմամբ, այլ Ռուսաստանից կախվածության կրճատմամբ։
ԵՄ-ի հետ փոխանակման ակտիվացումը հիմնականում արձանագրվել է Նիդեռլանդների, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Իսպանիայի և այլ երկրների հետ առևտրային ծավալների մեծացմամբ։
Առևտրային գործընկերների շարքում ևս նկատվել են խոշոր տեղաշարժեր։ Չնայած նրան, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը՝ 2․2 միլիարդ դոլարի շրջանառությամբ, այդ երկրի հետ առևտրի կրճատումը եղել է 62․5 տոկոս։ ՌԴ-ից ներմուծումը նվազել է 73․3 տոկոսով՝ կազմելով 1․3 միլիարդ դոլար, իսկ արտահանումը՝ 891․4 միլիոն դոլար՝ 6․8 տոկոս անկմամբ։
Առևտրի կառուցվածքում ամենաարմատական փոփոխությունը գրանցվել է թանկարժեք մետաղների և քարերի ոլորտում։ Նրանց տեսակարար կշիռը ներմուծման մեջ նվազել է 60․1 տոկոսից՝ 19․2 տոկոսի, իսկ արտահանման դեպքում՝ 75․2 տոկոսից՝ 35․7 տոկոսի։
Այս փոփոխության հիմքում ԵԱՏՄ-ում ոսկերչական արտադրանքի մաքսային դրույքաչափերի հարցի կարգավորումն է։ Ավելի ստույգ՝ Ռուսաստանից թանկարժեք մետաղների և քարերի արտահանման մաքսատուրքերի վերացումն է, ինչը փաստացի դադարեցրել է 2023-2024 թվականներին գործած սխեման, երբ ռուսական ոսկին ու քարերը վերաարտահանվում էին Հայաստանի միջոցով՝ հիմնականում ԱՄԷ և Չինաստան։
ՀՀ երկրորդ խոշոր առևտրային գործընկերը եղել է Չինաստանը՝ 765․6 միլիոն դոլար շրջանառությամբ, երրորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 729․5 միլիոն դոլարով, չորրորդ խոշոր գործընկերը Իրանն է՝ 222․7 միլիոն դոլար ցուցանիշով։ Հինգերորդ հորիզոնականում հայտնվել է Գերմանիան՝ 140 միլիոն դոլար շրջանառությամբ։