ՀԱԵ Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները, որոնք, ըստ թեմական խորհուրդների, «ուղղված են հայ ինքնության հիմքերին՝ մասնավորապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»։
Թեմերն իրենց զորակցությունն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։
«2018–ից ի վեր ՀՀ գործող իշխանություններն ընդգծված թշնամական վերաբերմունք են դրսևորում հայ ժողովուրդի էության և ինքնության առանցքը կազմող բոլոր հենասյուների, այդ թւում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, որը հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապավենն ու պահապանը պատմության հորձանուտներում։
Հայոց եկեղեցու և նրա սպասավորների դեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները, որոնք հատել են բարոյականության բոլոր սահմանները ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ՝ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար և անդառնալի հետևանքներով։
Խստորեն դատապարտելով այս եղկելի հայտարարությունները, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին և Եկեղեցու բոլոր սպասավորներին»,–ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են Թեհրանի հայոց թեմի և Սպահանի հայոց թեմի թեմական խորհուրդները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։