ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքում չեն կարող գործել այլ պետական ինստիտուտներ ոչ հիմա, ոչ ապագայում։
Անդրադառնալով Արցախի պետնախարարի նշանակման մասին լուրին՝ նա «սեպարատիստական» է անվանել պետությանը զուգահեռ ստեղծվող կառույցները։
«Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարող գործել այլ պետական ինստիտուտներ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։ Սա մեկ պետություն է՝ մեկ իրավակարգով և մեկ օրինականությամբ։
Անընդհատ կարդում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նշանակվում են Լեռնային Ղարաբաղի «պետնախարարներ», ձևավորվում են խորհրդակցական մարմիններ, հնչում են հայտարարություններ ինքնիշխանության, իրավահաջորդության, անգամ պետության գոյության մասին։
ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրացվում է միայն օրինական պետական հաստատությունների միջոցով։ Զուգահեռ սեպարատիստական կառույցները ոչ միայն հակասահմանադրական են, այլ նաև սպառնալիք են պետական ամբողջականությանը, կայունությանը։
Այո, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ունեն ինքնության պահպանման և աջակցություն ստանալու իրավունք, բայց դա չի կարող վերածվել զուգահեռ պետականության հավակնության»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ առաջարկն ընդունել է, քանի որ չի կարողացել մի կողմից խոսել պետական կառույցների կարևորության մասին, իսկ մյուս կողմից՝ չմասնակցել դրանց աշխատանքին: