12 հունիսի 2025 - 12:53 AMT
Փաշինյան. Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով շրջանառվող ենթադրություններին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ չունի կաթողիկոսի թեկնածու, բայց ունի կաթողիկոսի նկարագիր։

Նա նշել է, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել»։

«Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ադրբեջանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։

Այս մեթոդը օգտագործողները այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահել փակուղու մեջ, ինչպես այսօր է։

Հայաստանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արևշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր եկեղեցու սրբությունները պղծած Կտրիճ Ներսիսյանը և նրա նման վեղարավորները։

Ոմանք հանդես են գալիս Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ո՞ւմ եք պաշտպանում․ սու՛տը, կեղծի՛քը, պղծությու՛նը․ այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ և դուք շանս չունեք։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։

Հ․Գ․ Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր Կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ։ Կաթողիկոսի նկարագիր ունեմ․ մարդ, ով հավատում է Աստծուն, մարդ ով Հիսուս Քրիստոսի հետևորդ է և ոչ թե խարդախ–վաշխառու, մարդ, ով ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգևորական է և ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալու՛ ենք բարեպաշտ և աստվածավախ Կաթողիկոս»,–գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։