12 հունիսի 2025 - 18:40 AMT
Արշավների ժամանակ զգուշացեք կոծուկ բույսից՝ հնարավոր են վտանգավոր հետևանքներ

Արշավների ընթացքում հաճախ արշավականներն անսպասելիորեն բախվում են առողջությանը սպառնացող վտանգավոր իրավիճակների, սակայն իրազեկված լինելով հնարավոր է որոշակիորեն խուսափել դրանցից։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը զգուշացրել է արշավականներին կոծուկ կամ քեղ (լատ.՝ Heracleum) անվանումով վտանգավոր բուսատեսակի մասին, որը հաճախ հանդիպում է արշավային ուղիների մոտակայքում։ Այս բույսը պատկանում է նեխուրազգիների (հովանոցավորների) ընտանիքին։

Նրա ցողունը հասնում է 1-2 մ բարձրության (երբեմն՝ 10-80 սմ), տերևները խոշոր են, փետրաձև կամ երբեմն պարզ, ծաղիկները սպիտակ կամ դեղնականաչավուն են՝ հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները կլորավուն են կամ ձվաձև։ Այն տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։

Ի՞նչ վտանգներ է այն ներկայացնում

Կոծուկի հյութում առկա որոշ նյութեր, հայտնվելով մաշկի վրա և շփվելով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ, կարող են առաջացնել 1-3-րդ աստիճանի այրվածքներ։ Այրվածքների տարածման և տեղակայման աստիճանից կախված՝ հնարավոր է ստեղծվի կյանքին սպառնացող վիճակ։

Բացի այրվածքներից, բույսը կարող է առաջացնել սուր ալերգիկ ռեակցիաներ մաշկի հետ շփումից հետո։

Այրվելու դեպքում վերքերի բուժումը լինում է բավական երկարատև, և կախված վնասվածքի ծանրությունից՝ կարող է ուղեկցվել խոր սպիների առաջացմամբ։

Արշավային փորձառություն ունեցող մասնագետները հորդորել են հետևել մի շարք նախազգուշական քայլերի՝

Արշավների ժամանակ, անկախ եղանակից, պետք է կրել ամբողջությամբ վերջույթները ծածկող հագուստ և հնարավորինս խուսափել բաց մաշկի շփումից բույսի հետ։

Եթե արահետն անցնում է Կոծուկի տարածքով և շփումը անխուսափելի է, խորհուրդ է տրվում օգտագործել արշավային ձեռնափայտեր՝ բույսի ցողունը զգուշորեն հեռացնելու համար՝ այն հեռու պահելով դեմքից ու մարմնից։

Բացի այդ, կարևոր է հետ ունենալ առաջին բուժօգնության պարագաներ և անձնական դեղատուփ՝ հնարավոր վնասվածքների դեպքում արագ արձագանքելու համար։