Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ Մոսկվան սատարում է խաղաղությանը Հարավային Կովկասում պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Եվ Իլհամ Ալիևի իմաստության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ՝ այս խաղաղությունն այժմ վերականգնվել է»,-asel է Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքին, գրում է Interfax-ը։
Նա ավելացրել է, որ Մոսկվան ողջունել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը և շահագրգռված է գործընթացի հետագա առաջխաղացմամբ։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների զարգացման, ինչպես նաև սահմանների սահմանազատման գործընթացի շարունակության համար։
Եվդոկիմովը ընդգծել է նաև, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները դինամիկ զարգանում են. դրա վկայությունն են երկու երկրների նախագահների միջև անցած տարի կայացած չորս հանդիպումները, Վլադիմիր Պուտինի պետական այցը Ադրբեջան, ինչպես նաև երկու երկրների վարչապետների երեք հանդիպումները։ Բացի այդ, մշտական շփումներ են տեղի ունենում փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի միջև։
Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծ ներուժ ունեն դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։