Իրանին Իսրայելի հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է FlyOne ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը։
Իրան-Իսրայել աճող հակամարտության հետևանքով Արաբական Միացյալ Էմիրությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթեր կամ փոխել օդային երթուղիները, հայտնում է Sputnik Արմենիան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի համաձայն՝ այս պահին չեղարկված են Fly Dubai ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ և Wizz Air-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը, իսկ Armenia Airways-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը հետաձգված է։
«Այս պահի դրությամբ անժամկետ չեղարկված են Երևանից դեպի Իրան, Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Կոմիտեից հայտնել են նաև, որ երեք չվերթներ, որոնք Մոսկվայից ուղևորվել են դեպի Էմիրություններ, հարկադրված վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես պահեստային վայր։
Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով սպանվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ։ Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։