Երևանի 31 համարի ավտոբուսի վարորդի հանդեպ բռնություն գործադրելու գործով իրավապահները ձերբակալել են 2 անձի։Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Կա 2 ձերբակալված անձ»,–ասել է ՔԿ խոսնակը։
Դեպքի մասին հունիսի 11–ին հայտնել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա տեղեկացրել էր, որ կատարվածի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Ըստ քաղաքապետարանի՝ ակնկալվում է, որ մեղավորները օրենքի խստությամբ կպատժվեն։
2025–ի ընթացքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ հասարակական տրանսպորտի վարորդները ենթարկվել են բռնության։ Վերջին միջադեպը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 23-ին, երբ 38 համարի ավտոբուսի վարորդին դանակահարել էր մի մեքենայի վարորդ՝ վիճաբանության ընթացքում։ Իսկ փետրվարին 97 համարի ավտոբուսի ուղևորներից մի քանիսի հետ վեճ է սկսվել, երբ վարորդը հորդորել է վճարել ուղեվարձը։