13 հունիսի 2025 - 10:53 AMT
Կոպիրկին. Մեծ ներուժ ենք տեսնում «3+3» հարթակի զարգացման մեջ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ելույթ ունենալով Ռուսաստանին նվիրված միջոցառման ժամանակ, ընդգծել է, որ «3+3» ձևաչափը դառնում է փոխվստահության ամրապնդման հիմք Հարավային Կովկասում։

«Մենք մեծ ներուժ ենք տեսնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի զարգացման մեջ, որը ներառում է Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևաններ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», - ասել է նա, հայտնում է Sputnik Armenia-ն:

Դեսպանի խոսքով՝ աշխարհագրական դիրքը, պատմական զարգացումները և քաղաքական իրողությունները թելադրել են եվրասիական տարածքում բոլոր երկրների միջև կամուրջներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև համադրելու արդեն առկա բազմակողմ ձևաչափերն ու ինտեգրացիոն միավորումները։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել այդ իրողությունների համադրմանն ուղղված՝ եվրասիական լայն գործընկերության գաղափարով, ինչը պետք է դառնա հավասար հնարավորությունների և միասնական անվտանգության նոր ճարտարապետության հիմք ամբողջ մայրցամաքի համար։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Կոպիրկինը, ՌԴ ղեկավարը մշտապես շեշտել է, որ այս նախաձեռնությունը փակ և սահմանափակ շրջանակների ստեղծման մասին չէ։ Այն ուղղված է բաց, ճկուն և ընդգրկուն համագործակցությանը՝ հիմնված քաղաքացիների, պետությունների և գործարար ոլորտի իրական պահանջների վրա։

«Մեր ընդհանուր խնդիրն է բաց չթողնել այն բացառիկ հնարավորությունները, որոնք տալիս է համագործակցությունը եվրասիական տարածքում: Մենք պատրաստ ենք աջակցել մեր հայ ընկերներին միանալու այդ գործընթացներին»,- նշել է Կոպիրկինը:

Մյուս կողմից, դեսպանը շեշտել է, որ Մոսկվան մեծապես գնահատում է գործընկերների՝ արտաքին կապերն ընդլայնելու ինքնիշխան ցանկությունը և պատրաստ է օգնել այդ ջանքերին։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ակնկալում է, որ հայկական կողմը կխուսափի այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել բազմակողմ համագործակցության հիմքերին և խաթարել եղբայրական ժողովուրդների բազմադարյա կապերը։

Կոպիրկինը հավելել է, որ Ռուսաստանի օրը միայն ռուս ժողովրդի տոնը չէ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հոգևոր կապ են զգում այդ երկրի հետ, հարգում են նրա պատմությունն ու ձգտում են ամրապնդել բարեկամությունն ու փոխգործակցությունը ռուս ժողովրդի հետ։

Ռուսաստանի օրը հանդիսանում է ազգային տոն, որը նշվում է ամեն տարի՝ հունիսի 12-ին։ Տոնը հաստատվել է 1990 թվականին Պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունման օրվանից և այսօր արդեն ունի ավելի քան երեք տասնամյակի պատմություն։