Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են, բայց նրանց միջև ազնիվ երկխոսություն է ընթանում:
Դիվանագետի գնահատմամբ՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները ծառայում են որպես հասուն ռազմավարական գործընկերության ու դաշնակցային կապերի օրինակ՝ հիմնված պատմական մտերմության, ժողովուրդների դարավոր փոխկապակցվածության և միջպետական բազմաշերտ համագործակցության վրա, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ շփումների կայուն դինամիկան ինքնին խոսուն է։ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ և ներդրողի դերը։ Ռուսաստանի տնտեսական օպերատորները պետական բյուջեի առանցքային հարկատուներն են, բարեխիղճ գործատուներ ու բարերարներ»,-ասել է դեսպանը։
Նրա կարծիքով՝ առանձնահատուկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ երկկողմ առևտրի 96 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով։ Առևտրատնտեսական ոլորտում ակնառու առաջընթաց է գրանցվել ԵԱՏՄ-ի շրջանակում համատեղ ծրագրերի շնորհիվ։
Բացի տնտեսական ուղղությունից, ըստ Կոպիրկինի, Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության մեջ ավանդաբար կարևոր տեղ է զբաղեցնում մշակութային և հումանիտար կապերի զարգացումը, ինչպես նաև կրթության և գիտության բնագավառների գործընկերությունը։ Այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է Մոսկվայում անցկացնել Հայաստանի մշակույթի օրերը։
«Արտաքին քաղաքական հարցերում մեր գնահատականներն ու մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են, բայց համոզված ենք, որ բաց և ազնիվ երկխոսությունը գործընկերության հասունության վկայությունն է, կայուն և փոխշահավետ համագործակցության գրավականը։ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը»,-նշել է Կոպիրկինը։
Դեսպանը հիշեցրել է նաև, որ այս տարի լրանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի 30-ամյակը և Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության 10-ամյակը։ Նա նշել է, որ ռուս սահմանապահները հայ գործընկերների հետ միասին պատվով են իրականացնում ՀՀ պետական սահմանի՝ հայ-թուրքական և հայ-իրանական հատվածների հսկողությունը։
Մոսկվան, ինչպես ընդգծել է Կոպիրկինը, պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացում։
«Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու համար։ Ողջունում ենք խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման ավարտը և առաջարկում ենք դրա ստորագրման արարողությունը կազմակերպել ռուսական հարթակում։ Պատրաստ ենք նպաստել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և մյուս հումանիտար խնդիրների լուծմանը»,-նշել է դեսպանը։
Իր հերթին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են իրավահավասարության և փոխադարձ հարգանքի ամուր սկզբունքների հիման վրա:
«Կարող ենք փաստել, որ Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, միտված են շարունակել բովանդակալից և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,-ասել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ միջազգային տնտեսության աճող անկայունության պայմաններում կողմերը շարունակում են արդյունավետ փոխգործակցել նաև միջազգային հարթակներում։ Փոխվարչապետը ընդգծել է իր վստահությունը, որ կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջև կշարունակի ընդլայնվել՝ ամրապնդելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամական կապերն ու համագործակցությունը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։