13 հունիսի 2025 - 12:08 AMT
Երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ

Հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան տոների շաբաթը, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն սրբազան մասունքներ։

Հունիսի 16-ին՝ Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնի օրը, ժամը 10:30-ին Սուրբ pատարագ կմատուցվի Սուրբ Հռիփսիմե վանքում։ Ժամը 9:30-ին Մայր Աթոռից եկեղեցական թափորը Սուրբ Հռիփսիմե վանք կտանի սրբի մասունքը։ Պատարագից հետո կատարվելու է Անդաստանի կարգ։

Հունիսի 17-ին՝ Սուրբ Գայանյանց կույսերի տոնին, ժամը 10:30-ին Սուրբ Գայանե վանքում մատուցվելու է Սուրբ և անմահ պատարագ, իսկ ժամը 10:00-ին սրբի մասունքը Մայր Աթոռից թափորով կտեղափոխվի վանք։ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ։

Հունիսի 19-ին նշվում է Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոնը։ Ժամը 10:30-ին Սուրբ պատարագ կմատուցվի Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինեի մասունքները։

Հունիսի 21-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոնի օրը, Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Խոր Վիրապի վանքում՝ ժամը 10:30-ին։ Այդ առիթով նաև այնտեղ են տարվելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները։

Հունիսի 22-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի ժամանակ, ժամը 11։00-ին Սուրբ և անմահ պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում։

Սուրբ Պատարագի ավարտից հետո Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվելու է մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավերժ պայծառության համար։

Տոնի շրջանակում դուրս են բերվելու հետևյալ սրբազան մասունքները․

Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,

Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,

Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,

Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,

Սկևռայի մասանց պահարանը։

Մասունքները մատչելի կլինեն ժողովրդի երկրպագության համար մինչև ժամը 18։00։