Թեհրանում լույս տեսնող «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի գիշերային հարձակմանը, հայտնել է, որ Իրանի հայ համայնքում տուժածներ չկան, տեղեկացնում է Factor.am-ը։
Նա նշել է, որ իսրայելական կողմի հարվածները հեռու են եղել այն թաղամասերից, որտեղ հայերն են բնակվում։ Նրա խոսքով՝ հարվածի տակ են եղել հիմնականում ռազմական կենտրոնները։
Ըստ նրա՝ չնայած այդ հարվածների հետևանքով զոհվել են նաև քաղաքացիական անձինք, կան վիրավորներ, վնասվել են բնակելի շենքեր, սակայն հարվածներն ուղղված չեն եղել հենց խաղաղ բնակիչների դեմ։
Նա նաև ընդգծել է, որ այս պահի դրությամբ հայ համայնքի տարհանման կարիք չի առաջացել։
«Իսրայելը հարվածում է ռազմական և միջուկային կենտրոններին, ռազմական պատասխանատուներին։ Գիտեք, որ զոհվածների թվում հիմնականում ռազմական դեմքեր և միջուկային ոլորտում աշխատող գիտնականներ են։ Շարքային քաղաքացիների նկատմամբ թիրախավորման հարց չի արծարծվում, թեև զոհեր, ինչպես նշեցի, եղել են։ Թիրախում դեսպանատների շենքեր չեն եղել, ուստի, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա»,- մանրամասնել է Իրանում ապրող հայ համայնքի ներկայացուցիչը։
Քեշիշյանը նաև հավելել է, որ իրենք սպասել են նման հարձակման։
«Նախորդ օրերին արդեն ԱՄՆ-ի կողմից կար հայտարարություն, որ իսրայելական հարձակում է սպասվում։ Իսրայելն էլ արդեն խոսում էր այդ մասին։ Եվ հիմա մենք տեսանք պատկերը։ Բնականաբար, Իրանն անցնելու է հակահարվածի, Թեհրանը չի կարող դա ներել։ Իրանը վստահաբար պատասխան կտա»,- ասել է նա։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմական բազաների։ Իրանի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածներ են հասցվել ոչ միայն Թեհրանի, այլև մի շարք այլ քաղաքների բնակելի տարածքներին։ Հաղորդվել է նաև, որ Թեհրանում վնաս է հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնական շենքին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելի հարձակմանը վճռական ու խիստ ձևով։