13 հունիսի 2025 - 13:21 AMT
ԱԽ քարտուղար. Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատման հարցը օրակարգում է

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «APRI Armenia» համաժողովում հայտարարել է, որ ՀՀ կառավարության համար Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատման հարցը օրակարգային է։

«2020 թվականի պատերազմի ավարտից հետո մենք ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում գերիների ազատման ուղղությամբ։ Հաճախ բանակցությունների մանրամասների վերաբերյալ հրապարակային չենք խոսում, բայց, բնականաբար, լայնածավալ աշխատանք է կատարվում։ Հաճախ հրապարակային քննարկումները կարող են բացասական ազդեցություն ունենալ այս գործընթացների վրա»,–ասել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նաև հիշեցրել է, որ երբ 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 32 հայ գերի վերադարձնելու մասին, այդ փուլից առաջ գործնականում ոչ մի հրապարակային քննարկում չի իրականացվել։

Գրիգորյանը շեշտադրել է, որ իրենց կողմից աշխատանքները շարունակվում են՝ ուղղված գերեվարված անձանց վերադարձին։ Նա հայտնել է հույս, որ գերիները հնարավորինս արագ կվերադառնան հայրենիք։

«Ադրբեջանի հետ գերիների հարցով կառուցողական խոսակցություն ընդհանրապես չի ստացվում»,– նշել է Միրզոյանը։

Ըստ պաշտոնական տվյալների, ներկայումս Բաքվում պահվում է 23 հայ քաղաքացի, որոնցից 5-ը գերեվարված են 2020 թվականին, իսկ մնացածը՝ 2023-ին։ Այդ 23 անձանցից 7-ի նկատմամբ դատական գործերն արդեն ավարտվել են՝ մեղադրական վճիռների արդյունքում։