Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը դատապարտել է Իրանի դեմ իրականացված հարձակումը և կոչ է անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Խորապես մտահոգված ենք վերջին իրադարձություններով՝ վաղ առավոտյան Իրանի դեմ միակողմանի հարձակմամբ։ Այդ գործողությունը ձեռնարկվել է միջուկային բանակցությունների փուլերի միջև և խաթարում է խաղաղության հաստատման գլոբալ և տարածաշրջանային ջանքերը:
Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և անհապաղ դեէսկալացիայի ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ է անում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,– գրել է նա։
Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմական բազաների։ Իրանի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածներ են հասցվել ոչ միայն Թեհրանի, այլև մի շարք այլ քաղաքների բնակելի տարածքներին։ Հաղորդվել է նաև, որ Թեհրանում վնաս է հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնական շենքին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելի հարձակմանը վճռական ու խիստ ձևով։
Զոհվել են Իրանի զինված ուժերի բարձրագույն զինվորական կազմից երեք գեներալներ՝ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ գերագույն հրամանատար Հոսեյն Սալամին։