13 հունիսի 2025 - 13:52 AMT
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներին

Իրանի վրա հարձակման պատճառով և բազմաթիվ չվերթերի չեղարկման պայմաններում բազմաթիվ ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բաքվում՝ ուղևորների թվում նաև հայեր կան, հայտնում է Sputnik Արմենիան։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներին՝ կոչ անելով գործադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու այն հայերի անվտանգությունը, որոնք հայտնվել են Բաքվում հարկադիր վայրէջքներ կատարած ինքնաթիռներում։

«Արա Աբրահամյանը խնդրել է անել ամեն ինչ ապահովելու այն հայերի անվտանգությունը, որոնք հայտնվել են Բաքվում հարկադիր վայրէջքների պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքների նկատմամբ սահմանված սահմանափակումների հետևանքով՝ հունիսի 13-ի առավոտյան ավելի քան տասը ավիաչվերթ հարկադրված վայրէջք են կատարել Բաքվում։ Այդ թռիչքների թվում են եղել չվերթներ Մոսկվայից, Մինսկից, Կազանից, ինչպես նաև այլ երկրներից ուղևորվող ինքնաթիռներ, որոնք շարժվել են Դուբայի ուղղությամբ։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմական բազաների։ Իրանի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածներ են հասցվել ոչ միայն Թեհրանի, այլև մի շարք այլ քաղաքների բնակելի տարածքներին։ Հաղորդվել է նաև, որ Թեհրանում վնաս է հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնական շենքին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելի հարձակմանը վճռական ու խիստ ձևով։