Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան հերթական հրապարակման մեջ ակնարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին՝ վիրավորական երանգներով, թեև նրա անունը բացահայտ չի նշել։
««Կրթվելը նորաձև է» շարժման ամենակարևոր նպատակներից մեկը գիտե՞ք որն է։ «Կրթվելը նորաձև է» շարժման ամենակարեւոր նպատակներից մեկը մեր միջավայրը փոխելն է գլխիվայր փոխելը։
Այնպես փոխելը, որ երբ դու հզոր մտավորական ես` հզոր մտքի տեր, հասկանում ես բաներ, որոնք միայն քեզ են հասանելի, և կարող ես պետությանդ և ժողովրդիդ աննկարագրելի մեծ ծառայություն մատուցել, հանկարծ մի երկու չինքնահաստատված թափթփուկի հայհոյանքի պատճառով չխեղճանաս։ Չխեղճանաս ու չսկսես արդարանալ մի բանի համար, որի համար արդարանալը ուղղակի անհեթեթ է։
Մեր միջավայրը փոխելն է այնպես, որ մեզանում չիշխի «մեծացած» պատանիների այն տեսակը, որ հասունացման տարիքում, լինելով անդաստիարակ, անկիրթ, սեփական ոչնչություն լինելու հանգամանքը գիտակցելու համար կատարյալ անպիտան, ծաղրում են դպրոցում լավ սովորող եւ «ջութակի գնացող» տղաներին։
Այս տեսակը պարտադիր չէ, որ անպայման անուս լինի, օրինակ` 4-րդ դասարանի կրթությամբ։ Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը։
Հետո ասում են` վարչապետի տիկինը մեզ վիրավորում է՝ օ՜յ, ինչպիսի՜ բարքեր։
Դուք ձեզ կողքից տեսնո՞ւմ եք։ Դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք: Դուք ուժեղ եք, բան չունեմ ասելու, շատ ուժեղ եք։ Բայց ուժեղ եք ճիշտ նույնքան, որքան ջութակի գնացող տղային ծաղրող անդաստիարակ պատանյակները, որոնց ողջ ուժը կայծակնային արագությամբ անէանում է նույն այն պահին, երբ իրենցից էլ ավելի անդաստիարակը բռնում է ականջից և քարշ տալով ցույց տալիս իր տեղը։
Այո, դուք դեռ իշխում եք մեր միջավայրում, և բոլոր լավ սովորող և ջութակ նվագող տղաները վախենում են ձեզնից։ Եվ դուք այդ տեսակով գտել եք իրար. ձեզնից ավելի անդաստիարակ ոչնչություն չունենք, որ ձեզ ձեր տեղը ցույց տա։ Համախմբվել եք. լավ եք արել։
Մենք էլ ենք համախմբվում։ «Կրթվելը նորաձև է» շարժումը հենց ձեր դեմ է։ Գիտեմ, որ հասկացել եք։ Տեսնում եմ, որ կատաղի պաշտպանվում եք՝ ձեր ամենաուժեղ զենքը մեր դեմ հանելով։ Իսկ ձեր ամենաուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է։ Ամենաանպատիվ, ամենաճղճիմ, ամենատգետ զենքը։
Բայց թո՛ղ լինի այդպես։ Կտեսնենք ի վերջո մեզանում ով իշխող կդառնա լավ սովորող, ջութակ նվագող, կիրթ, ազնիվ, արդար տղա՞ն, թե՞ նրան ծաղրող և վիրավորող «ուժեղ տղեն», իրականում՝ թուլամորթ ոչնչությունը»,–ասվում է գրառման մեջ։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ «Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը», հայտնել է Մայր Աթոռը։
Ավելի ուշ արված գրառման մեջ նա գրել է․ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի եւ ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձեւավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»։