«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է իր հեղինակած օրենսդրական նախագիծը, որն առնչվում է զինծառայությանը։
«Վերջին 5 տարում մենք ունենք բանակից առողջական խնդիրների պատճառով ազատված ավելի քան 43 հազար քաղաքացի: Մենք նպատակ չունենք նրանց դատապարտելու ազատազրկման։ Նրանց մի մասը, եթե կլինի տեղեկատվություն և կտան կրկնակի փորձաքննություն և կտեսնենք, որ նրանք չունեն առողջական խնդիրներ, նրանք եթե կզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության, չեն դատապարտվի»,– նշել է Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը։
Սարգսյանը հավելել է, որ օրենքով նախատեսվում է քրեականացնել բժշկական փորձաքննությունից հրաժարվելը։ Բացահայտելու համար՝ արդյոք քաղաքացիները իրականում ունեն առողջական խնդիրներ, նախատեսվում է նրանց կրկին ուղարկել փորձաքննության։ Դրա մերժման դեպքում կարող է սահմանվել 1-3 տարի ազատազրկում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, թե Սարգսյանի ներկայացրած թվերը գրավիչ են հնչում, սակայն իրականում նախագծում այդ մանրամասները հստակ չեն։
«Անարդարությունը վերացնում են, այլ ոչ թե անարդարության առկայությունն օրինականացնում»,– ասել է Մանուկյանը։
Ի պատասխան՝ Սարգսյանը նշել է, որ արդարության բացակայությունն արդեն իսկ առկա է։ Նա օրինակ է բերել, որ մի պատգամավորի զավակը դասարանում միակ ՀՀ քաղաքացի հանդիսացող աշակերտն է և պետք է զորակոչվի բանակ, մինչդեռ մյուսները կամ Հայաստանի քաղաքացի չեն, կամ արդեն ազատվել են ծառայությունից տարբեր ճանապարհներով։
Մանուկյանն առաջարկել է նիստին ներկա արական սեռի բոլոր անձանց շրջանում անցկացնել հարցում՝ պարզելու, թե ովքեր են ծառայել, ովքեր՝ ոչ, և ինչ հիմքերով։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այդ առաջարկին չի արձագանքել։
Նախագծով առաջարկվում է արական սեռի քաղաքացիներին ՀՀ քաղաքացիությունից զերկելու համար պետական տուրքը սահմանել 15 մլն դրամ։ Մյուս փոփոխությամբ Զորակոչի սահմանային տարիքը 27-ից մինչև 32 տարին։ Նախագծով սահմանվում է 24 մլն դրամի դիմաց ծառայել 1 ամիս և 18 մլն դրամի դիմաց 4 ամիս։