Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա հանդիսանում է վերջինիս տարածքային ամբողջականության խախտում, ինչը խորը բացասական հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար։ Գրիգորյանն այդ մասին ասել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագրով անցկացվող APRI-2025 համաժողովի պանելային քննարկման ընթացքում:
ԱԽ քարտուղարը, խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին, նշել է, որ Երևանը, բնականաբար, դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել և քննարկել է բոլոր հնարավոր սցենարները, հայտնում է Արմենպրեսը։
«Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, և դրանց շրջանակներում կատարել ենք նաև պլանավորում։ Ըստ սցենարների՝ մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։
Նա հավելել է, որ ցանկացած նմանատիպ սրացում իր ազդեցությունն է ունենում ամբողջ տարածաշրջանի վրա՝ խաթարելով կայունությունը։
«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։
Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը թիրախավորել է Իրանի մայրաքաղաքը՝ Թեհրանը, ինչպես նաև նրա մերձակայքը և այլ քաղաքներ։ Հարվածներից չի շրջանցվել նաև Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է «Վեր հառնող առյուծ» կոդային անվանմամբ գործողության մեկնարկի մասին, որը նպատակ ունի խափանել Իրանի միջուկային ծրագիրը։ Հարվածների արդյունքում վնասվել են նաև բնակելի շինություններ, զոհվել են Իրանի բարձր պաշտոն ունեցող զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանի իշխանությունները արձագանքել են՝ խոստանալով կոշտ և վճռական պատասխան Իսրայելի գործողություններին։