Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում անցկացվող «GLOBSEC 2025» ֆորումի պանելային քննարկման ընթացքում, պատասխանելով իտալացի լրագրողի այն հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում հաղթահարել ԵԱՏՄ և ԵՄ անդամակցության անհամատեղելիության խոչընդոտը, ասել է, որ ՀՀ–ն հասկանում է, որ «միաժամանակ չի կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ»։
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ միաժամանակ չենք կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Ակնհայտ է, որ դա այն կետն է, որի շուրջ ապագայում ստիպված պետք է լինենք որոշում կայացնել։ Բայց շատ կարևոր է, որ որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իհարկե կառավարության և Ազգային ժողովի գլխավորությամբ»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ քանի դեռ սուր պահանջ չկա կայացնելու այդ որոշումը, Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, որքան հնարավոր է։ Իսկ երբ պահը գա որոշում կայացնելու՝ հարցը քաղաքական օրակարգ կմտնի և կդրվի քննարկման սեղանին։
«Մենք այդ որոշում կկայացնենք մեր քաղաքացիների հետ միասին»,- շեշտել է Փաշինյանը։
Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունն իր համաձայնությունն է տվել արևմտամետ քաղաքական ուժերի օրենսդրական նախաձեռնությանը, որով մեկնարկ է տրվել Եվրամիությանն անդամակցելու գործընթացին։ Վարչապետ Փաշինյանն այդ առիթով պարզաբանել է, որ նախաձեռնությունը դեռ չի նշանակում, թե Հայաստանը միանշանակ շարժվում է դեպի ԵՄ անդամակցություն․ իրական անդամակցության որոշումը պետք է ստանա հանրաքվեով հաստատում։ Մինչ այդ, ըստ նրա, անհրաժեշտ է մշակել քայլերի հստակ ճանապարհային քարտեզ։
Ավելի ուշ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում իրեն վատ չի զգում, ունի շահագրգռվածություն Իրանի հետ համագործակցությունը խորացնելու և ամրապնդելու հարցում։ Սակայն, ինչպես նշել է նա, չպետք է անտեսել հասարակության մի զգալի և շոշափելի հատվածի ձգտումը՝ երկրի ապագայի վերաբերյալ ունենալ այլընտրանքային ընտրություն։
Կառավարության քայլը մեկնաբանելով՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ անհնար է լինել միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ։