13 հունիսի 2025 - 17:27 AMT
Թրամփ. ԱՄՆ–ն անշուշտ աջակցում է Իսրայելին, իսկ Իրանը միջուկային գործարքը կնքելու 2–րդ շանս ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իսրայելի վերջին հարվածները Իրանի տարածքին, հայտարարել է, որ Թեհրանը կարող է օգտվել ևս մեկ հնարավորությունից՝ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Այդ մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Երկու ամիս առաջ ես Իրանի առաջ դրեցի 60-օրյա վերջնաժամկետ՝ «համաձայնություն կնքելու» [միջուկային ծրագրի շուրջ]։ Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասացի, թե ինչ պետք է անեն, բայց նրանք պարզապես չկարողացան դա անել։ Այժմ նրանք գուցե ունեն երկրորդ հնարավորությունը» — նշել է պետության ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ի հետ կարճ զրույցում վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին՝ անցած գիշեր Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները բնութագրելով որպես «շատ հաջողված հարձակում»։

«Մենք, իհարկե, աջակցում ենք Իսրայելին, ակնհայտ է, և աջակցել ենք այնպես, ինչպես երբեք ոչ ոք չի աջակցել», – ասել է Թրամփը, հայտնում է CNN-ը։

Նա նշել է, որ նախապես նախազգուշացրել է Իրանին. «Իրանը պետք է լսեր ինձ, երբ ասացի՝ չգիտեմ՝ տեղյա՞կ եք, թե ոչ, բայց ես նրանց 60 օր ժամանակ տվեցի, իսկ այսօր արդեն 61-րդ օրն է», – հավելել է նա։

Նա նաև հորդորել է Իրանին վերադառնալ բանակցային սեղանի մոտ։

«Նրանք այժմ պետք է գան սեղանի շուրջ՝ գործարք կնքելու, մինչև չուշացել է։ Դա նրանց համար ուշ կլինի։ Գիտեք՝ այն մարդիկ, ում հետ ես գործ ունեի, մահացել են՝ կոշտ գծի ներկայացուցիչները», – շարունակել է նախագահը՝ առանց հստակեցնելու՝ ում մասին է խոսքը։

Երբ հարցրել են՝ արդյոք նրանք մահացել են Իսրայելի հարձակման արդյունքում, Թրամփը պատասխանել է հեգնանքով. «Նրանք չմահացան գրիպից, չմահացան Covid-ից»։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել և աջակցություն չի ցուցաբերել այդ հարվածներին։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

Photo. AFP/Getty Images