13 հունիսի 2025 - 18:47 AMT
Էրդողան․ Նեթանյահուի վարչակազմը փորձում է ամբողջ տարածաշրջանն ու աշխարհը ներքաշել աղետի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իսրայելի հարվածները Իրանին՝ հայտարարելով, որ իսրայելական վարչակազմի գործողությունները կարող են կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։

«Այսօր առավոտյան Իսրայելը շատ վտանգավոր փուլի է հասցրել մեր տարածաշրջանը, մասնավորապես Գազան, արյան, արցունքների և անկայունության մեջ խեղդելու իր ռազմավարության իրականացումը։ Իսրայելի հարձակումները մեր հարևանի՝ Իրանի վրա, բացահայտ սադրանք են, որոնք անտեսում են միջազգային իրավունքը։ [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի վարչակազմը փորձում է իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով աղետ բերել մեր տարածաշրջանին և ամբողջ աշխարհին։ Միջազգային հանրությունը պետք է վերջ տա իսրայելական ավազակությանը, որը նպատակ ունի խաթարելու համաշխարհային և տարածաշրջանային կայունությունը», — գրել է Էրդողանը X-ում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այդ հարձակումները տեղի են ունեցել այն պահին, երբ ակտիվանում են բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, և միջազգային ճնշումը Գազայի դեմ ուղղված անմարդկային գործողությունների վերաբերյալ աճում է։ Ըստ նրա՝ սա ի ցույց է դնում Իսրայելի վարքը, որը չի ճանաչում միջազգային կարգը։

«Նեթանյահուի և նրա մարդասպանների ցանցի հարձակումները, որոնք կրակի մեջ են գցում մեր ամբողջ տարածաշրջանը, պետք է կանխվեն։ Մենք չենք ցանկանում նորից տեսնել արյուն, ավերածություն և հակամարտություն Մերձավոր Արևելքում։ Թուրքիան դատապարտում է մեր հարևան Իրանի վրա իրականացված զազրելի հարձակումները», — ավելացրել է Էրդողանը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։