ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին ընթերցմամբ քննարկմանն է ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերում են Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում և հարակից օրենքներում փոփոխություններին ու լրացումներին։ Դրանք ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, հայտնում է «Առավոտը»:
Ըստ նախաձեռնության՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25,000 դրամի փոխարեն կսահմանվի 50,000 դրամ տուգանք: Այս պատասխանատվությունը կրելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքը կդիտարկվի հանցագործություն:
Պարեկային ծառայության աշխատակիցներն այսուհետ կկարողանան թվային եղանակով ստուգել անձի վարորդական իրավունքի առկայությունը։ Միայն այն դեպքում, երբ տեխնիկական հնարավորություններն այդ պահին բացակայում են, քաղաքացու կողմից վարորդական վկայական չունենալը կարող է դիտվել որպես իրավախախտում։
Նախատեսվում է նաև ստեղծել հնարավորություն, որ ոստիկանությունը կարողանա խուսափել վարչական իրավախախտում կատարած քաղաքացուն բաժին բերման ենթարկելու անհրաժեշտությունից, եթե շարժական տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հնարավոր լինի վստահաբար նույնականացնել տվյալ անձին։