16 հունիսի 2025 - 10:49 AMT
Պտտահողմն Ապարանում մեծ վնասներ է հասցրել․ Գնահատման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր

Հունիսի 15–ին Ապարանում տեղի ունեցած պտտահողմի ավերածություններն ահռելի են: Այդ մասին հայտնել է համայնքապետարանը։

Նախնական տվյալներով՝ փոթորկի հետևանքով վնասվել է 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ և 10 կազմակերպությունների տանիքներ։ Այս կառույցների շարքում են ներառվել Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, ինչպես նաև արվեստի ու մշակույթի կենտրոնների շենքերը։ Վնասներ են արձանագրվել նաև համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերի ու մի շարք այլ հաստատությունների վրա։

Բազմաթիվ բնակիչների տներում կոտրված են պատուհաններ, քայքայվել են պատերն ու վնասվել է արտաքին հարդարանքը։

Համայնքապետարանը, արտակարգ իրավիճակների ծառայությունն ու պատկան մյուս մարմիններն ամբողջ ներուժով ձեռնամուխ են եղել՝ իրականացնելու վնասների գնահատման գործընթացը և կազմակերպելու օգնության ու վերականգնման միջոցառումները։

Նշվում է, որ ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։

«Ապարանում առաջացած ուժգին քամին, ինչպես նշված է հունիսի 15-ի ժամը 21:00-ի դրությամբ, արդեն վնասել է 43 շենք-շինության տանիք, 22 մարդատար և 3 բեռնատար մեքենա, տապալել է 21 ծառ, վնասել է 17 էլեկտրասյուն ու 3 արևային կայան»,–ասվում է գրառման մեջ։

Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՆԳՆ փրկարար ծառայության մարզային վարչության օպերատիվ խմբերն ու հրշեջ-փրկարարական հաշվարկները սահմանված ընթացակարգով արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին։ Ընդհանուր առմամբ աշխատանքներին մասնակցել է 137 փրկարար։

Ըստ Առողջապահության նախարարության՝ նախնական տվյալներով, կա 4 տուժած, որոնք ստացել են առաջին բուժօգնություն։

Հունիսի 14–ի երեկոյան Գյումրիում տեղացած հորդառատ կարկուտը և ուժեղ քամին զգալի վնաս են հասցրել քաղաքի ենթակառուցվածքներին։ Մասնավորապես, մի շարք թաղամասեր հոսանքազրկվել էին։

Քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան առաջարկել է օգնություն՝ վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

102-րդ ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովը, մտահոգված իրավիճակով, առաջարկել է քաղաքին տրամադրել տեխնիկական միջոցներ և մարդկային ռեսուրսներ՝ օգնելու վնասների վերացման և մաքրման գործընթացում։

Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության և աջակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ նման դրսևորումները հատկապես դժվարին պահերին խոսում են գործընկերային հարաբերությունների և փոխադարձ հարգանքի մասին։

Մանուկյանի խոսքով՝ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները առայժմ կարողացել են իրենց ուժերով կարգավորել իրավիճակը, սակայն հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ռազմաբազայի օգնությունը անպայման կքննարկվի ու կգնահատվի։