16 հունիսի 2025 - 11:20 AMT
Փեզեշքիան. Իրանն ատոմային էներգիա օգտագործելու իրավունք ունի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը օրինական իրավունք ունի օգտվելու միջուկային էներգիայից և կատարելու հետազոտություններ այդ ոլորտում։

«Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և (կատարել - խմբ.) հետազոտություններ (միջուկային ոլորտում - խմբ.)՝ հանուն հասարակության բարօրության։ Ոչ ոք իրավունք չունի այդ իրավունքը մեզնից խլել», — ասել է Փեզեշքիանը պետական «IRIB» հեռուստառադիոն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի ձգտել ռազմական բախման և հորդորել է քաղաքացիներին համախմբվել արտաքին ճնշումների պայմաններում։ Նախագահի խոսքով՝ ԱՄՆ–ն խախտել է միջազգային իրավունքը՝ թույլ տալով Իսրայելին հարձակվել Իրանի վրա։

Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։

Photo. AFP