16 հունիսի 2025 - 12:16 AMT
ՀԱԵ Պոլսի պատրիարք․ Լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.-ի ընտրություններին սպասելու մեջ

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների մասին՝ նշելով, որ մեր կաթողիկոսը Գարեգին Բ–ն է և եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա նրան։

Նա հավելել է, որ լուծումը տեսնում է «համբերությամբ 2026թ.-ի ընտրություններին սպասելու մեջ», հայտնում է Panorama.am-ը։

«Ամբողջ հայ ազգին ալեկոծել է ՀՀ վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կատարված պնդումները։

Որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին և իմ անունն է շրջանառվում որպես թեկնածու, հետևաբար պարտքս եմ համարում պարզաբանում ներկայացնել՝ ավելորդ խոսակցությունները կանխարգելելու համար։

Ա. Ներկայիս մեր Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է։ Եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա նրան, պաշտպանի և միշտ աղոթի։

Բ. Այս օրերին պարոն վարչապետի կողմից սույն խնդրի արծարծումը հստակ քաղաքական առնչություն ունի, հատկապես հաշվի առնելով, որ 2026թ.-ին լինելու ե քաղաքական ընտրություններ։ Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնույթ ունի և այդպե՛ս նրբորեն պետք է ձեռք առնվի, եթե ոչ, կստանա եկեղեցի–պետություն բախման մի վիճակ, այդ պարագայում մեր դիրքը հստակ է՝ մեր առաքելական սուրբ եկեղեցու շահերը և անկախությունը կպաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներից։

Գ. Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.-ի ընտրություններին սպասելու մեջ։ Արդեն Մայր Աթոռը 2026թ.-ին հրավիրել է եկեղեցական ներկայացուցչական ժողով։ Նույնիսկ կարելի է, որ այն վերածվի Ազգային եկեղեցական ժողովի։ Անձնապես գիտենք, որ Վեհափառ Հայրապեն է շատ հոգնած այս վիճակից, սակայն, որքան որ ծանոթ ենք իրեն, նա հետքայլ չի անի արտաքին քաղաքական ճնշումների ներքո և իրավունք ունի»,–ասվում է Մաշալյանի հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։