16 հունիսի 2025 - 14:03 AMT
Չախոյան․ Հերթական անգամ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիան եմ բացահայտել

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը քաղաքապետարանի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է, որ ինքն ապրում է բազմաբնակարան շենքի վերին հարկում և սեփական միջոցներով վերանորոգում է տանիքի վերևի հատվածը։

«Ես բազմաբնակարան շենքի վերջին հարկում եմ ապրում և իմ միջոցներով նորոգել եմ մեր տան վերևի հատվածի կտուրը։ Քաղաքապետարանը տեսել է, որ ես նորոգել եմ, բայց փաստաթղթեր են կեղծել, թե Չախոյանը դիմել է նորոգման համար և շինանյութ են դուրս գրել, ինչն էլ ես վերադարձնում եմ»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց ասել է Չախոյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հայտարարել է, որ քաղաքապետարանը մոտ 500 հազար դրամի շինանյութ է դուրս գրել իր անունով, որն իրեն պետք չէ, այդ պատճառով էլ բեռնատարով շինանյութը վերադարձնում է Քաղաքապետարանին։

«Հերթական անգամ Երանի քաղաքապետարանի կոռուպցիան եմ բացահայտել»,- հայտարարել է Չախոյանը։

Նա ընդգծել է, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են իրենց տան տանիքը նորոգելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանը խուսափում է դրանցից՝ ակնկալելով, որ բնակիչները կվերանորոգեն սեփական միջոցներով։ Նա ընդգծել է, որ իր դեպքում քաղաքապետարանը կեղծ ստորագրություններով փաստաթղթեր է ձևակերպել և մոտ 500 հազար դրամի շինանյութ գնել՝ իբր իր կարիքների համար, որն էլ մատակարարվել է իր շենքի բակ։

«Պատկերացնում եք, թե քանի տարի նման 500 հազար, 1 մլն դրամներ են դուրս գրվել»,- հայտարարել է Չախոյանը։