ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարվել է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի ձևաթղթի տակ։
Ձևաթուղթը «Պատիվ ունեմ» խմբակցությունից վերցրել էր «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը և ԱԺ-ում Աղվան Վարդանյանի սենյակում խնդրել, ինչպես նախապես խոստացել է՝ միանալ նախաձեռնությանը, հայտնում է Aysor.am-ը։
«Հայտարարել եք, որ պատրաստ եք միանալ և ստորագրել, ենթադրում եմ՝ մինչև այժմ չեք միացել սխալ կոմունիկացիայի հետևանքով, քանի որ Ձեր անկեղծ մղումների վրա չեմ կասկածում»,-ասել է Մալյանը։
Աղվան Վարդանյանն արձագանքել է, որ օրեր առաջ հանդիպում է ունեցել «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորների հետ, քննարկել են հարցը, և նրանք էլ գոհունակությամբ հեռացել են հանդիպումից։
«Պարոն Մամիջանյանի հետ խոսել ենք, ինքն իմ տեղը գիտի և կարող է ձևաթուղթը վերցնել, մոտենալ։ Մամիջանյանին փոխանցեք, որ Վարդանյանը տեղում է, եթե հարցեր են մնացել, կարող է բարձրանալ և քննարկենք»,-ասել է նա և նշել, որ Մալյանի հետ այդ հարցը չի քննարկի։
Նարեկ Մալյանին այդպես էլ չի հաջողվել հանդիպել պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Արթուր Խաչատրյանի հետ, քանի որ նրանք տվյալ պահին Ազգային ժողովում չեն գտնվել։
Մալյանն Ազգային ժողովում լրագրողի հետ զրույցում, նշել է, որ իրենք այժմ փորձում են հաղթահարել ընդդիմադիրների ստեղծած դիմադրության պատը։
«Այս պահի դրությամբ անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը և նա իր կարծիքը պարտադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ իրավիճակը բավական տարօրինակ է․ «Հանրությունը տեսնում և զարմանում է՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն խոչընդոտում են ընդդիմադիրները։ Ավելին՝ նրանք 2021-ին ընտրողի ձայնը խնդրել են՝ խոստանալով Նիկոլ Փաշինյանին հեռացնել»։
Մալյանը պարզաբանել է, որ խմբակցության կողմից հրապարակված ստորագրությունները փաստացի ուժ չունեն, քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունները չեն հավաքվել՝ առայժմ ստորագրել է ընդամենը վեց պատգամավոր։
Նա ընդգծել է, որ ներկա է ԱԺ-ում, քանի որ մի շարք պատգամավորներ հրապարակավ հայտնել են, թե թեկնածուի առկայության դեպքում պատրաստ են ստորագրել։
«Այստեղ եմ, որպեսզի «Պատիվ ունեմ» խմբակցությունից այդ ձևաթուղթը վերցնեմ և գնամ պատգամավորներ Արթուր Խաչատրյանին, Աղվան Վարդանյանին և Ագնեսա Խամոյանին ասեմ, որ իրենց խոստումը կատարեն»,–ասել է նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը , մեկնաբանելով «Հայաստան» խմբակցության՝ հրապարակած ստորագրություններով ձևաթուղթը, հայտարարել էր, որ «չգիտի, թե ինչի տակ է ստորագրել «Հայաստան» խմբակցությունը»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հայաստան» խմբակցության ստորագրությունները և հայտարարել է, որ խմբակցության բոլոր անդամների ստորագրությունները, որոնք թվով 28, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իմպիչմենտը կվերածվի գործընթացի, եթե լինի առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար: