ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ Հայաստանի պատասխանատու գերատեսչությունները մշտական կապի մեջ են այն տնտեսավարողների հետ, որոնք Վրաստանի տարածքում բախվել են ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված դժվարությունների։ Նա այդ մասին խոսել է Ազգային ժողովում կազմակերպված քննարկման ընթացքում։
«Մենք այս պահին օնլայն ձևաչափ ունենք, որով կարողանում ենք հետևել թե քանի մեքենա է հիմա Վրաստանից անցել դեպի Ռուսաստան, քանիսն են այս պահին Լարսում կանգնած, քանիսն են դրական ստացել, բայց դեռ Լարս չեն հասել, քանիսն են Գիզիի մաքսային անցակետում։ Մենք բոլոր տնտեսվարողների հետ անընդհատ կապի մեջ ենք, գիտենք, թե նրանք ինչ խնդիրներ ունեն, և փորձում ենք լուծել դրանք»,- ասել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։
Նա տեղեկացրել է նաև, որ քիչ առաջ Վրաստանի գործընկերներից նամակ է ստացել, որով տեղեկացվել է՝ օրվա ընթացքում կապ կհաստատեն իր հետ տվյալ խնդրի շուրջ, քանի որ հայկական կողմը նկատել է նորից որոշ դանդաղումներ գործընթացում։
«Մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո 1-2 օր որոշակի արագություն կար, որը մեզ բավարարում էր, հիմա կա տեմպ, որը շատ դանդաղ է՝ օրը մի քանի մեքենա, ինչն էլի խնդրահարույց է մեզ համար՝ չնայած, որ մենք մեր մասով պահպանել ենք բոլոր պայմանավորվածությունները, որ ունեցել ենք վրացական իշխանությունների հետ։ Մենք ակնկալում ենք, որ մեր վրացի գործընկերները ևս իրենց մասով կպահեն պայմանավորվածությունները»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանը վրացական կողմից որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման շուրջ առաջացած խնդիրների առնչությամբ։Օրերս Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել էր իր այցը Երևան, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։
Հայ կոնյակագործները արդեն մի քանի անգամ բողոքի ցույցեր են արել Վրաստանի դեսպանատան, կառավարության մոտ՝ պահանջելով լուծել դեպի ՌԴ Վրաստանի տարածքով տարանցման հարցը, քանի որ հարևան երկրում առանց որևէ հիմնավորման նմուշներ են վերցնում տարանցվող ապրանքից և օրերով թույլ չեն տալիս շարունակել երթևեկությունը։