16 հունիսի 2025 - 16:13 AMT
Միքայել սրբազան․ Բոլոր եպիսկոպոսներն անվերապահ աջակցում են Վեհափառին

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոս Աջապահյանը «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ bոլոր եպիսկոպոսներն անվերապահ աջակցում են Վեհափառին

«Բոլոր եպիսկոպոսները միակարծիք են, կարող է թեթև, մանր‑մունր տարբերություններ լինեն, բայց հիմնականում միակարծիք են»,–ասել է նա՝ պատասխանելով իշխանության կողմից եկեղեցու դեմ արշավների մասին հարցերին, հայտնում է Panorama.am-ը։

Այն հարցին, թե «կա՞ն եպիսկոպոսներ, որոնք «թելում են վարչապետ Փաշինյանի թելը», Միքայել սրբազանը պատասխանել է. «Չեմ կարծում նման եպիսկոպոսներ կան, բայց երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես իշխանության հետ կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն, իրենց մոտեցումն այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է կայսերինը կայսեր տա։ Սա հասկանալի մոտեցում է, բայց «կայսերինը կայսերը» չի կարելի դիտարկել առանց «Աստծունը Աստծուն»։

Նա նաև ընդգծել է, որ այդ եպիսկոպոսներն էլ անվերապահ աջակցում են Վեհափառ Հայրապետին։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ Մերձբալթյան թեմի առաջնորդ Վազգեն սրբազանը կարող է միանալ Փաշինյանի նախաձեռնությանը, Միքայել սրբազանը դրական է պատասխանել։

«Այո, բացառում եմ։ Թող լինի աջակից, բայց չի կարող ինքը գործել եկեղեցու դեմ։ Չի գործի»,–ասել է նա։

Ըստ Միքայել Սրբազանի, իշխանության նպատակն է ունենալ իրեն հնազանդ եկեղեցի:

«Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, էլի դժգոհ են: Կաթողիկոսին կարգալույծ անելու, Մայր Աթոռից դուրս հանելու ոչ մի միջոց իշխանությունը չունի»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։